Խաղողօրհնեքը Armenia Wine-ում

Խաղողօրհնեքը Armenia Wine-ում

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը նշում էր օգոստոսի 18-ին։ Օր, երբ օրհնվեցին նաև խաղողի ողկույզները` ընծայելով դրանք ժողովրդին իբրև տարվա ողջ բերքի օրհնությունը խորհրդանիշ։

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը գինեսերներին միասին նշելու էր հրավիրել «Արմենիա Վայն» գինեգործարանը։ Բոլոր հյուրերին այդ օրն իրական տոն էր սպասվում այստեղ` գերհագեցած ծրագրով։ Միջոցառման սկզբում հյուրերը ներկա գտնվեցին խաղողի օրհնության արարողությանը, որից հետո վայելեցին հայկական կարմիր և սպիտակ գինի։ Միջոցառումն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարով՝ <<Տարոնցիներ>> պարային համույթի կատարմամբ։ Շուրջպարին միացան նաև հյուրերը. ծանոթ և անծանոթ իրար ձեռք բռնելով՝ փորձեցին վարպետության դաս վերցնել պարողներից։ Գործարանի տարածքի մի հատվածում ընթանում էին կավագործության ու գինով նկարչության վարպետության դասեր, և հյուրերն, ինչպես նաև նրանց փոքրիկները, հնարավորություն ունեին սեփական ձեռքերով հուշանվերներ պատրաստել։

Այստեղ ամեն ինչ անչափ տպավորիչ էր հատկապես զբոսաշրջիկների համար, ովքեր հայկական երգ ու պարից հետո, ականատես եղան, թե ինչպես է թխվում հայկական լավաշը. թափանցիկ ապակին թույլ էր տալիս դրսից հետևել՝ ինչպես է խմորը պատրաստվում, դրվում թոնիրն ու հաց դառնում։ Ողջ երեկոյի ընթացքում հնչում էր հաճելի երաժշտություն <<Միքայել Ոսկանյան եւ ընկերներ>> բենդի ու DJ Vakcina-ի կողմից` ապահովելով հյուրերի տոնական տրամադրությունը։ Այս ամենին գումարեք նաև շատ համեղ հյուրասիրություն, հայկական տարազներով նկարվելու հնարավորություն և անակնկալ-նվերներ։

Այո՛, օգոստոսի 18-ն իսկական տոն էր <<Արմենիա Վայն>> գինու գործարանում։

You May Also Like

See more