Հակոբ Աշոտի Պողոսյան. ՊԱՌԼԱՄԵՆՏ ամսագրի այս համարի դեմքը

Հակոբ Աշոտի Պողոսյան. ՊԱՌԼԱՄԵՆՏ ամսագրի այս համարի դեմքը

Յուրաքանչյուր հայի ընտանիքը սկսվում է հայրենիքից։ Ով ընտրում է բժշկի ուղին, պիտի ունենա բարձր բարոյամարդկային որակ: Բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն հանձնել՝ հաջողության փորձություն և անհաջողության փորձություն: Առաջինը՝ վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը` հոգու պարտությամբ: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, համոզմունքներից, մտավոր եւ բարոյական սկզբունքներից: Չէ՞ որ կարեւոր են ոչ միայն ինքնաճանաչումն ու հիվանդության բուժումը, այլեւ հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի իսկա­կան հումանիզմը:

Ի.Ա. Կասիրսկի

 

«Պառլամենտ» ամսագրի զրուցակիցն է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Աշոտի Պողոսյանը, ով ոչ միայն իր գործի վարպետն է, այլ նաեւ հոյակապ մարդ ու չափազանց հոգատար անձնավորություն։

– Բժիշկ Պողոսյան, մասնագիտությունների նման բազմազանության մեջ ինչո՞ւ ընտրեցիք բժշկի եւ  հատկապես քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված նման ընտրությունը։

– Վաղ հասակից ես շփվել եմ բժիշկների հետ։ Եվ այդ հասակում էր, որ պետք է ձեւավորվեին իմ պատկերացումները բժշկի մասնագիտության հանդեպ: Իմ մանկական աչքերում բժիշկներն օրինակելի, կիրթ եւ բազմակողմանի զարգացած մարդիկ էին։ Երբ առավել գիտակից հասակում փորձում էի ընտրել մասնագիտական ուղի, հստակ գիտեի, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, այն պետք է լինի ի նպաստ հայրենիքի եւ հայ ժողովրդի։ Հաշվի առնելով այս հանգամանքը եւ տպավորվելով բժշկի մասնագիտության հանդեպ դեռ մանկուց ձեւավորված վառ պատկերացումներով՝ ընտրեցի բժշկությունը։ Կարծում եմ` ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Ի վերջո, յուրաքանչյուր անհատ պետք է կյանքի երկար արահետին իր հետքը թողնի, եւ երեւի կհամաձայնեք, որ բժիշկն իր մասնագիտական ուղին ազնիվ եւ ազգանվեր անցնելու դեպքում իրապես թողնում է այդ հետքը։ Նեղ մասնագիտացման ընտրությունը պատահական է եղել։ Ուսանողական տարիներին անցնելով  տարբեր մասնագիտացումների հետ առնչվող դասընթացներ,  ի վերջո ինձ գրավեց հատկապես քիթ-կոկորդ- ականջաբանի մասնագիտացումը։ Հետագայում կայանալով որպես քիթ-կոկորդ-ականջաբան՝ ժամանակակից բժշկության պահանջներին ընդառաջ սկսեցի իմ մասնագիտության շրջանակներում զբաղվել նաեւ էնդոսկոպիկ վիրաբուժությամբ եւ այդ վիրահատական մեթոդի կիրառմամբ։ Բժշկության այս ճյուղը զարգացած չէր այդ շրջանում, եւ ես, վերապատրաստումներ անցնելով արտերկրում, սկսեցի զբաղվել քթի եւ հարակից խոռոչների հիվանդությունների  ախտորոշման եւ վիրահատական բուժման էնդոսկոպիկ  մեթոդի կիրառմամբ։

– Խոսենք ժամանակակից էնդոսկոպիկ վիրահատական մեթոդի կիրառման մասին, որը Ձեր մասնագիտական պրակտիկայի կարեւոր եւ բաղկացուցիչ մասն է։

– Էնդոսկոպիկ վիրահատական մեթոդը ներկայումս մեր մասնագիտական ոլորտում առաջատար եւ ժամանակակից ուղղվածություններից մեկն է, որը թույլ է տալիս կատարել այնպիսի վիրահատություն­ներ, որոնք նախկինում չէինք կարող կատարել։ Վիրահատական այս մեթոդն ունի բազմաթիվ առավելություններ, ինչն ուղղվածությունը դարձնում է կարեւոր եւ առանցքային։

– Բժիշկ Պողոսյան, իսկ որո՞նք են էնդոսկոպիկ վիրաբուժության առավելությունները:

– Էնդոսկոպիկ վիրահատական մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք պացիենտի համար ապահովել բուժում, որն ունի բազմաթիվ առավելություննե­ր։ Այն է`

  • կատարման բարձր ճշգրտություն,
  • անատոմիական ամբողջականության մաքսիմալ պահպանում,­
  • առողջ հյուսվածքների  մինիմալ վնասում,
  • արյան քիչ կորուստ,
  • արտաքին սպիների բացակայություն,
  • պացիենտների կարճաժամկետ հոսպիտալացում և արագ ապաքինում:

Կցանկանամ նշել նաեւ, որ այս մեթոդը թույլ է տալիս կատարել կոմբինացված եւ համակցված վիրահատություններ։ Միշտ չէ, որ պացիենտը դիմում է բժշկի միայն մեկ առողջական խնդրի առկայության պարագայում։ Լինում են դեպքեր, երբ առողջական խնդիրները մի քանիսն են։ Ամեն դեպքում, ես կարողանում եմ կատարել անհրաժեշտ բոլոր վիրահատությունները մեկ էտապով եւ նվազագույն տրավմատիզացիայով։ Ներկայումս կյանքի տեմպն այնպիսին է դարձել, որ մարդկանց գերխնդիրներից մեկը ժամանակի կորուստն է, հետեւաբար, նրանք ունեն կարճ ժամանակ` հետազոտվելու, վիրահատվելու եւ ապաքինվելու։ Նման մեթոդի շնորհիվ վիրահատությունները եւ հետվիրահատական ընթացքը տեւում են հաշված օրեր։ Երկու երեք օրվա ընթացքում պացիենտը կարողանում է վերադառնալ կյանքի բնականոն հունին։

– Աշխատանքային պրակտիկայում բացառիկ ի՞նչ վիրահատություններ եք իրականացրել։

– Բոլոր վիրահատությունները բացառիկ են, քանզի չկան քիչ կարեւոր եւ ավելի կարեւոր վիրահատություններ։ Ըստ իս՝ յուրաքանչյուր վիրահատություն առանձնակի ուշադրություն եւ պատրաստվածություն է պահանջում վիրաբույժից։

– Ինչպիսի՞ն էին առաջին քայլերը, հետաքրքիր է` ի՞նչ կհիշեք Ձեր առա­ջին վիրահատությունից։

– Սովորել եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետում, ապա որպես նեղ մասնագիտացում ընտրելով քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությունը` անցել եմ օրդինատուրա եւ մասնագիտացել որպես քիթ-կոկորդ-ականջաբան: Անդրադառնալով մասնագիտական առաջին քայլերին` պետք է նշեմ, որ դրանք հեշտ չեն եղել։ Առհասարակ, վիրաբույժ դառնալու եւ կայանալու  ճանապարհը բարդ է։ Իսկ առաջին վիրահատությունը շատ պատասխանատու եւ պարտավորեցնող քայլ էր ինձ համար, որի ընթացքում հասկացա, թե որքան բարդ ուղի եմ ընտրել, քանզի վիրահատարանի դռներից այն կողմ հայտնվում ես մեկ այլ իրականությունում։ Առաջին վիրահատության հետ կապված հիշողությունները մեզ ուղեկցում են ողջ կյանքում։

– Ինչպես մեծանուն գրող Չեխովն է ասել` ոչ մի մասնագիտություն այդքան հոգեկան ապրումներ չի տանում, որքան բժշկությունը։ Իսկ ինչպե՞ս է բժիշկ Հակոբ Պողոսյանը հաղթահարում վիրահատության ընթացքում ու դրանից հետո ի հայտ եկող ապրումներն ու դժվարությունները։

– Կարծում եմ, որ վիրաբույժի ապրումները կարող է հասկանալ միայն վիրաբույժը, քանզի այն ամենը, ինչ կատարվում է վիրահատարանում, մնում է պացիենտի եւ վիրաբույժի մեջ։ Ցավոք սրտի, բժշկության մեջ միշտ չէ, որ մեկին գումարած մեկը հավասար է երկուսի։  Վիրաբույժն աշխատանքը կատարելուց հետո չի կարող հանգիստ գնալ տուն եւ կարծել, որ հիվանդանոցն ու պացիենտին թողել է հետեւում եւ եկել է հանգստանալու, ընտանիքի կամ ընկերների հետ լիցքթափվելու։ Բժիշկը տանն ապրում է այնպես, ինչպես աշխատավայրում: Ընտանիքիս անդամներն ու ընկերներս հաճախ կարող են նույնիսկ նեղանալ ինձնից, երբ լինում ենք որեւէ միջավայրում, սակայն ես մտովի իրենց հետ չեմ լինում։ Կարող են պատահել այնպիսի դեպքեր, երբ նրանք ինձ որեւէ բան պատմեն, բայց այդ ամենն ուղղակի անցնի ականջիս կողքով։ Նման իրավիճակը միայն մեկ բացատրություն ունի. իմ մի մասն աշխատանքն ա­ վարտելուց հետո, միեւնույն է, մնում է այնտեղ՝ հիվանդանոցում, պացիենտի կողքին։ Եթե անկեղծ լինեմ, ես երբեմն ցանկություն եմ ունենում լիովին կտրվել աշխատանքից, սակայն չեմ կարողանում։ Թեեւ նման իրավիճակում հայտնվելը բարդ է, բայց կարծում եմ, որ նաեւ առավելություն է, քանզի տղամարդը չպետք է լիովին կտրվի որեւէ իրականությունից` անկախ դրա կարեւորությունից։ Տղամարդը պետք է միշտ զգոն լինի` որպես ընտանիքի հայր, որպես բժիշկ, հայ եւ իր երկրի սպա։ Իսկ ինչ վերաբերում է դժվարությունների հաղթահարմանը, ապա ասեմ, որ ինձ այդ պարագայում օգնության են գալիս ընտանիքս, հարազատներս եւ ընկերներս։ Երբեմն զգում եմ առանձնության եւ լռության կարիք, որպեսզի ժողովեմ մտքերս ու ապրումներս։ Ինքս ինձ հետ անկեղծանալով է, որ կարողանում եմ գտնել շատ հարցերի պատաս­ խանները եւ դժվարությունների հաղթահարման բանալիները։ Ես լիովին խաղաղվում եմ եկեղեցում` խորհրդավոր լռության, խունկի հոտի եւ մոմերի լույսի ներքո։ Եկեղեցին այն եզակի վայրերից մեկն է, որտեղ ինձ ոչինչ չի շեղում, եւ որտեղից ես դուրս եմ գալիս հոգիս ու սիրտս մաքրված։

– Անդրադառնանք Ձեր կողմից մատուցվող այն ծառայություններին, որոնց ճիշտ եւ գրագետ իրականացման շնորհիվ բուժում են ստանում Ձեր պացիենտները։

– Քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների ցանկը բավական ծավալուն է եւ բազմատարր։ Կարծում եմ, որ մեր պացիենտների համար առավել արդյունավետ կլինի, եթե յուրաքանչյուր բժիշկ ընտրի որոշակի ուղղվածություն եւ իր աշխատանքն անի լավագույնս։ Ես առաջնորդվել եմ այս սկզբունքով, քանզի այդ դեպքում բժիշկն անկեղծ է ինչպես ինքն իր հետ, այնպես էլ՝ պացիենտի։ Եվ ուզում եմ մեջբերել Հիպոկրատի խոսքերը` երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի։ Իմ մասնագիտական գործունեության շրջանակներում ես կիրառում եմ արդի առկա բոլոր մեթոդները և ողջ գործիքակազմը՝  ի նպաստ պացիենտի առողջության:

– Ձեր մեծագույն ձեռքբերումը։

– Ընտանիք, մասնագիտություն, ընկերներ եւ բարի համբավ։

– Բժշկի մասնագիտությունն ինքնին առաքելություն է, իսկ ի՞նչ կարգախոսներով եք առաջնորդվում Ձեր առաքելության իրականացման ճանապարհին։

– Ինչպես ռուս գիտնական եւ վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովն է ասել` նա, ով ընտրել է բժշկի աշխատանքը, պետք է երդում տա, որ ազնիվ կծառայի իր ժողովրդին: Հաջողակ է այն բժիշկը, ով անդավաճան է մնում իր ժողովրդին` ծառայելով նրա առողջության պահպանմանը եւ վերականգնմանը։ Մասնագիտական գործունեություն ծավալելու ճանապարհին ես առաջնորդվել եւ շարունակում եմ առաջնորդվել այս սկզբունքով։ Կան սկզբունքներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են կարգախոսներ։ Բժիշկը պետք է ազնիվ լինի պացիենտի հետ, պետք է չդավաճանի իր սկզբունքներին, լինի համառ զարգացման եւ ինքնակատարելագործման ճանապարհին։ Իմ տեսակը բնութագրող մեկ այլ կարգախոս է` անել այն, ինչը սիրում ես։ Կրկին տեղին է մեջբերել Հիպոկրատի խոսքն այս առիթով` սերը դեպի բժշկման արվեստը`  հենց սերն է մարդկության հանդեպ:

– Բժիշկ Պողոսյան, կա արդյո՞ք որևէ կարգախոս, որին անդավաճան եք ինչպես  մասնագիտության մեջ, այնպես էլ կյանքում:

– Այո, կա՝ եթե չկա արդյունք, ապա չկա նաեւ կատարված աշխատանք:

– Ձեր ոգեշնչման աղբյուրը…

– Իմ ոգեշնչման աղբյուրներն իմ ձեռքբերումներն են` ընտանիքս, մասնագիտությունս, ընկերներս։

Հիպոկրատն ասում է` բժիշկը պետք է պահպանի ձեռքերը` մաքուր, իսկ խիղճը` անբիծ… Ի՞նչ որակներով պետք է օժտված լինի բժիշկը, ո՞ւմ կվստահեք Ձեր առողջությունը:

– Ժամանակակից եւ լավ բժշկությունը բժշկագիտության ներկայիս նվաճումների եւ բժշկի գիտելիքի, փորձի ու ինտելեկտի ճիշտ համադրություն է։ Իմ խորին համոզմամբ՝ բժիշկը մասնագիտական հմտությունների տիրապետելուց զատ, պիտի օժտված լինի շատ կարեւոր համամարդկային հատկանիշներով եւ լինի օրինակելի բոլորի համար։ Իմ առողջությունը կվստահեմ այն բժշկին, ով անկեղծ եւ հոգատար կլինի պացիենտի նկատմամբ։

– Խոսենք նոր վերապատրաստումների եւ առաջիկա ծրագրերի մասին:

– Բժշկի մասնագիտության մեջ վերապատրաստումներն ու փորձի փոխանակումներն անգնահատելի դեր ունեն եւ պետք է պարբերաբար կրկնվեն։ Ինքս էնդոսկոպիկ վիրաբույժի մասնագիտացումը ստացել եմ արտերկրում` երկար ժամանակ անցնելով եւ  շարունակելով անցնել վերապատրաստումներ։ Աշխատել պետք է անընդմեջ, բժիշկը պետք է մշտապես կատարելագործվի։ Իսկ ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա պիտի նշեմ, որ ոչ թե սիրում եմ խոսել դրանց մասին, այլ սիրում եմ դրանք ի կատար ածել։

– Ձեր նեղ մասնագիտական ոլորտում կա՞ մի նորարարություն, որը չկա Հայաստանում, եւ կուզենայիք այդ ոլորտում ներդրում ունենալ:

– Ես նախընտրում եմ զարգանալ իմ մասնագիտական ուղղվածության մեջ` հասցնելով այն ամենաբարձր մակարդակին։ Հանուն պացիենտի ես հավակնում եմ լինել ոչ թե լավերից մեկը, այլ լավագույնն այդ ոլորտում։ Սա առանցքային սկզբունք է ինձ համար։

– Բժիշկ Պողոսյան, Դուք կատարում եք ախտորոշում և բուժում նաև երեխաների համար՝ օգտագործելով առկա ժամանակակից բոլոր ռեսուրսները. ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

– Ուզում եմ նախեւառաջ շեշտել, որ երեխաների հետ շփումը, նրանց բուժելն ինձ համար մի ուրիշ աշխարհ է։ Մեծ ուրախությամբ պիտի նշեմ, որ երեխաներն ինձ սիրում են, եւ ես սիրում եմ երեխաներին` այդ անմեղ հրաշքներին, ովքեր ոչ միշտ են կարողանում բառերով նկարագրել իրենց առողջական վիճակը։ Կարծում եմ` փոխադարձ սիրո շնորհիվ է, որ ես երեխաների բուժման գործում հաջողում եմ։ Ինձ համար աշխատանքիս լավագույն գնահատականն այն է, որ եթե առաջին անգամ ծնողն է բերում երեխային ինձ մոտ, ապա երկրորդ անգամ երեխան է ծնողին բերում: Երբ ես հատում եմ վիրահատարանի դռները երեխայի հետ, հասկանում եմ, որ այդ սենյակում ես եմ նրա ծնողը, պապիկը, տատիկը, եղբայրն ու քույրը։ Այս ամենը չափազանց պարտավորեցնող է։ Եվ Դուք տվեք նախկինում տրված այն հարցի պատասխանը, թե արդյոք հիվանդանոցից տուն գնալիս թողե՞լ եմ իմ մասնիկն այնտեղ, թե՞ չեմ թողել։ Ես չեմ վարանի ասել, որ բժիշկ լինելը միայն մասնագիտություն չէ, այլ նաեւ ապրելակերպ, որն ինձ համար դարձել է հզոր շարժիչ ուժ։

Կպատմե՞ք Ձեր փոքրիկ հայրենիքի՝ ընտանիքի մասին: Մենք գիտենք, որ Ձեր կինը նույնպես բժիշկ է:

– Խոսելով ընտանիքի մասին՝ ես կուզեի մեկ հարց տալ. Դուք ի՞նչ նկատի ունեք։ Եթե նկատի ունեք կնոջս եւ դստերս, ապա կարող եմ ասել, որ կինս ակնաբույժ է, իսկ աղջիկս` Բելլան, դեռ կհասցնի մասնագիտություն  ընտրել։  Ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք կցանկանա՞մ, որ դուստրս բժշկուհի դառնա։ Եթե անկեղծ լինեմ, ապա ներքուստ շատ եմ ցանկանում, բայց միեւնույն ժամանակ խնայում եմ նրան, քանզի բժշկությունը մեծ ջանքեր ու նվիրում է պահանջում: Եթե հարցը մի փոքր ընդհանրացնենք, ապա պիտի ասեմ, որ իմ ընտանիքը մեծ է` ծնողներ, քույրեր, եղբայրներ։ Յուրաքանչյուր հայի ընտանիքը սկսվում է հայրենիքից։ Բոլորս գիտենք, որ արեւը մեկն է, լուսինը եւ երկինքը` նույնպես, բայց իմ խորին համոզմամբ՝ հայրենիքիս արեւն ուրիշ է, լուսինն ուրիշ է, օդն ուրիշ է։ Հայի միակ հենարանն ու կացարանն իր հայրենիքն է` իմ եւ մեր Հայաստանը։

– Ունեք երազանքներ եւ նպատակներ։

– Ես սիրում եմ երազանքները վերածել նպատակների` իրագործելով դրանք։ Այն ամենը, ինչը եղել է, կա եւ լինելու է իմ կյանքում, կարող եմ որակել որպես կատարված եւ կատարվող երազանքներ։ Իսկ նպատակները շատ են, որոնք քայլ առ քայլ իրականացնում եւ իրականացնելու եմ։ Նպատակներ ունեմ ընտանիքիս, հարազատներիս եւ աշխատանքիս հետ կապված, ու դրանք միահյուսված են իրար, ուստի չեմ կարող տարանջատել որեւէ մեկը։

– Ձեր սիրե­ի բույրը։

– Սիրելի բույրերը շատ  են, կարող եմ անվերջ թվարկել, բայց ամենից շատ սիրում եմ հատկապես  մարդու հոտը. էն հոտը, որ մարդու վրայից պիտի գա:

– Արածների՞, թե՞ չարածների համար եք ափսոսում։

– Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, եթե որոշել եմ մի բան չանել, ապա ճիշտ եմ գտել չանելը, եւ եթե որոշել եմ որեւէ բան անել, ապա ճիշտ եմ գտել անելը։

– Ձեր սիրելի կենացը։

– Հատուկ սիրելի կենաց չեմ առանձնացնի: Առհասարակ, ամեն կենաց իր ասելիքն ունի և ամեն ասելիք իր պահն ունի:

– Եթե հանդիպեիք Աստծուն, ի՞նչ կխնդրեիք կամ կասեիք։

– Շնորհակալություն կհայտնեի ամեն ինչի համար եւ կասեի, որ հավատում եմ Իր Զորությանը։

– Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին եւ Ձեր պացիենտներին։

– Հայ ծնվելը շնորհ է եւ պարգեւ, Հայ ապրելը՝ Առաքելություն… Հայաստանը մի երկիր է, որտեղ արարվեց Եդեմական Դրախտը, Երկիր, ուր հանգրվանեց Փրկության Տապանը, Երկիր, որտեղ գործածության մեջ է Դրախտի Լեզուն… Եւ ինչպես Գարեգին Նժդեհն է ասում՝ աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ, և բնա՛վ մի՛ մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա:

You May Also Like

See more