Վերաբացվել է Դիլիջանի միակ մարզադպրոցը

Վերաբացվել է Դիլիջանի միակ մարզադպրոցը

Օրերս ներկա էինք Դիլիջանում առկա միակ մարզադպրոցի պաշտոնական վերաբացմանը։ Նոր ու բացառիկ հնարավորություն Դիլիջանի մարզասեր երիտասարդների համար. մարզասրահ, որտեղ սպորտով զբաղվելու հավասար հնարավորություններ են ստեղծված բոլորի համար՝ անկախ սեռից ու սոցիալական պատկանելությունից։ Green Rock Management Group-ի նախաձեռնությամբ և Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է և ապահովվել բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Հունահռոմեկական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, բազկամարտ, սեղանի թենիս, շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սրանք այն մարզաձևերն են, որոնց պարապմունքներին հաճախելու հնարավորություն կունենան ավելի քան 500 մարդ։ Green Rock Management Group-ի հիմնադիր Մարետա Գևորկյանն իր բացման խոսքում առանձնահատուկ շեշտեց, որ մարզվելու հավասար պայմաններ են ստեղծվել նաև աղջիկների համար, որոնց հատկապես կգրավի գեղարվեստական մարմնամարզության խմբակը, բացառիկ հնարավորությունը, որը նախկինում չի եղել։

Մարետա Գևորկյանն հավելեց նաև, որ ըստ իրենց ուսումնասիրությունների տարբեր ենթակառուցվածքների մասով Դիլիջանը բացահայտելու և ներկայացնելու դեռ բավական անելիք կա: Նաև անկեղծացավ, շեշտելով, որ այդ գործը կյանքի կոչելու համար նաև անձնական մոտիվներ է ունեցել. ծնվել ու մեծացել է Դիլիջանում, բայց, իհարկե, այս հարցում առաջնային դեր է խաղացել այն ներուժը, որն ունի քաղաքը:

Նախագծի հեղինակն ընդգծեց նաև, որ ցանկացած համայնքում մարզադպրոցի առկայությունը շատ կարևոր է տվյալ մարզի սպորտային կյանքի զարգացման համար: Այն խթանում է առողջ ապրելակերպը, կրթությունը, ինչպես նաև մարզի երեխաներին օգնում է հասնել մեծ բարձունքների այս բնագավառում. «Մենք համոզված ենք, որ այս դպրոցը դեռ շատ չեմպիոններ է տալու աշխարհին»։

Նշենք, որ Green Rock Management Group-ը միջազգային ընկերություն է, որն իր գործունեությամբ ցանկանում է աշխարհին ներկայացնել Հայաստանի նոր կերպարը, ցույց տալ երկիրն ու նրա համայնքները բոլորովին անծանոթ կողմից։ Հենց այդ նպատակով էլ Green Rock-ն իրականացնում է բիզնես և սոցիալական մի շարք նախագծեր, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական աճի խթանմանը, սոցիալական բարեկեցությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ այլք։ «Հայաստանում սպորտային ենթակառուցվածքը պետք է զարգացնենք։ Բայց կարևոր է, որ այդ ճանապարհին Կառավարությունը միայնակ չլինի, և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Green Rock ընկերությանը՝ նման նախաձեռնության համար»,- նշեց վարչապետը:

Միջոցառման պաշտոնական հատվածից հետո հյուրերն ու բոլոր ներկաները հնարավորություն ունեցան շրջելու նորաբաց դպրոցում, ծանոթանալու կատարված աշխատանքներին ու ստեղծված նոր պայմաններին։ Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թվականին։ Այժմ փոխվել է շենքի արտաքին ու ներքին դիզայնը, ձեռք է բերվել նոր մարզական գույք եւ սարքավորումներ։ Այսպես, մարզադպրոցն արդեն բաց է մարզասերների համար, աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ օրերին։

Տոնական օրվա ամփոփումը գեղեցիկ համերգային ծրագիրն էր, որը կազմակերպվել էր քաղաքացիների համար։ Երգեցին «Լավ էլի», «Գարիկ եւ Սոնա», «Հայաթ Փրոջեքթ» խմբերը։ Նույնիսկ տեղացող անձրեւը ներկաներին չխանգարեց մինչև վերջ վայելել տոնական համերգը։

You May Also Like

See more