MBG Hospitality ընկերությունն իր «Ոստան» ռեստորանում կազմակերպել էր #ԳԱՌուն հատուկ ճաշացանկով համտեսում բացառապես լրագրողների համար: Ի դեպ, լրագրողների շարքում մեծ մասամբ իգական սեռի ներկայացուցիչներ էին, այսինքն նրանք, ովքեր հնարավորինս քիչ են գլուխ հանում գառան մսի լավ և վատ լինելուց և սովորաբար չեն սիրուն այն և վերջ։ Բայց արի ու տես, որ ճիշտ բաղադրատոմսերի արդյունքում 《Ոստան》-ում կարողացան գոհացնել անգամ ամենաքմահաճ կնոջ քիմքը, որովհետև ներկաները, որոնք ամբողջ կյանքում գառան միս չէին կերել, հյուրասիրության ժամանակ ոչ թե համտեսեցին, այմ մինչև վերջ վայելեցին մեկը մյուսից համեղ ուտեստները / թեպետ գուցե դրան նպաստեց նաև սեղանին դրված գեղեցիկ սպասքը, մատուցման կարգը և ընդհանուր մթնոլորտը /։ Սեղանին մեկը մյուսից համեղ ու գեղեցիկ ուտեստներ էին, որտեղ գերակշռում էր գառան միսը: Այո՛, փետրվարի 29-ին 《Ոստան》-ում գարունը մեկ օր շուտ էր վրա հասել իր ԳԱՌուն-ով։
Իսկ հիմա մի քիչ ավելի մանրամասն. նախորդ տարվանից սկսած գարնան գալուստն այստեղ ասոցացվում է գառան միս ուտելու հետ: Նոր գաղափարի հեղինակը MBG Hospitality-ն է՝ #ԳԱՌուն նախագծով: 2019 թվականին ընկերությունը խոստացավ, որ #ԳԱՌունը շարունակական է լինելու, և ահա ս.թ. մարտի 15-ից MBG Hospitality-ի՝ Hans&Franz, Alaska by Hans&Franz և հայկական խոհանոց առաջարկող «Չինար», «Ծիրանի այգի», «Ծիրանի Տուն», «Ոստան» ռեստորաններում կարելի է տեսնել գառան մսով պատրաստված ուտեստներով հագեցած սեզոնային ճաշացանկ: MBG Hospitality PR մենեջեր Աննա Սալոմեն նշեց, որ գաղափարին այս տարի միացել են շուրջ 20 ռեստորան՝ (El Garden, Secret Garden by el, El SKY BAR, Babylon, Salon, The Club, In Vino EVN, Tapastan, Dragon Garden, ԿՈՒԺ / KUJ, VinoGrad, Florence Garden, Havana, Kilikia Beer House, Claude Monet Yerevan, Charles)։ «#ԳԱՌուն-ի ընթացքում, հաշվի առնելով յուրաքանչյուր ռեստորանի առանձնահատկություն և կոնցեպտ, շեֆ խոհարարները ստեղծել են յուրահատուկ կերակրատեսակներ գառան մսից, նաև նոր շունչ հաղորդել հայկական ավանդական բաղադրատոմսերին: Բացի գառան մսից պատրաստված ավանդական խաշլաման, քյաբաբը, տոլման, կա այլընտրանք` սկսած սթեյքից մինչև գառ՝ պտուտակի վրա»,- ասաց Աննա Սալոմեն:
Գառան միսը գարնանն ավելի համեղ է, քան տարվա մյուս բոլոր եղանակներին: Տարվա ընթացքում հենց այս 3 ամսվա ընթացքում մսի համը լավագույնն է, քանի որ կաթնակեր գառը սկսում է կանաչ խոտ ուտել: #ԳԱՌուն-ը նախորդ տարի հաջողեց՝ ունենալով մեծ արձագանք: Համացանցում ավելացան նոր լուսանկարներ՝ #ԳԱՌուն, #Գարունագառկեր, #Գառըգարնանըկեր հեշթեգերով: #ԳԱՌուն-ը նախագիծ է, որի նպատակն է գառան մսով ուտեստները դարձնել թրենդային, ընդգծել հայկական խոհանոցում գառան մսի դերը: Այն դարձավ նոր ֆուդ-թրենդ հայկական ռեստորանային ոլորտում, որ գալիս է հաջորդելու ավանդական «խաշի սեզոն»-ին: Թրենդը սիրեցին նաև արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերը: Նախագիծն այս տարի անցկացվում է Ռեստորատորների հայկական միության հետ, ինչի շնորհիվ #ԳԱՌուն-ի մասշտաբները ընդլայնվել են: Նախագծին մասնակցելու համար այս տարի Հայաստան կգան մոտ 5-10 ֆուդբլոգեր: Սա զբոսաշրջիկների համար հետաքրքիր նորություն է: Այն զբոսաշրջիկների համար, ովքեր արաբական երկրներից են, գառան միսը ճիշտ այլընտրանք է»,- ասաց Աննա Սալոմեն: «Ոստան» ռեստորանում #ԳԱՌուն-ի մեկնարկին նվիրված հավաքույթին հյուրերը հնարավորություն ունեցան ճաշակելու 6 տարբեր կերակրատեսակ, որը մատուցվեց «Մխիթար գոշ» ապրանքանիշի կարմիր գինով: #ԳԱՌուն-ը կոտրեց նաև այն կարծրատիպը, որ գառան մսից տհաճ հոտ է գալիս. դա լինում է բացառապես այն դեպքում, երբ կենդանին ծեր է: #ԳԱՌուն մենյուի՝ գառան մսով հատուկ կերակրատեսակները ոչ թե «կարելի է փորձել», որովհետև գառան միսն օգտակար է, հավելումներ չի պարունակում, խոլեստերինի հետ խնդիր չի առաջացնում, և այլն, և այլն… այլ պետք է փորձել, քանի որ դրանք պարզապես շատ համեղ են: